Արդեն ութ ամիս է, ինչ Ոսկեպարի միջնակարգ դպրոցում գործում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Նախաձեռնության հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է, որի օժանդակությամբ հանրապետության տարբեր մարզերում հիմնադրել են նմանատիպ լաբորատորիաներ։ Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում արմատավորել և զարգացնել ծրագրավորման ունակություններ և հետաքրքրություն տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Սա հիանալի նվեր է սահմանապահ բնակավայրի երեխաների համար, որոնք զրկված լինելով մարզային հնարավորություններից, ստիպված են սահմանափակվել գյուղի սուղ հնարավորություններով։ Այսօր Նախաձեռնության հեղինակները այցելեցին իրենց պատանի սաներին, զրուցեցին ու կիսվեցին իրենց գիտելիքներով ու խորհուրդներով։
Երեխաներն արդեն սովորել ու աշխատում են «Աղվես» և «Կրիա» ծրագրերով։ Ստեղծել են հետաքրքիր խաղեր, իսկ այժմ առաջին քայլերն են անում անիմացիոն ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։ Անիմացիան մի հետաքրքիր բնագավառ է, որտեղ երեխաների գիտելիքներին գումարվում է մանկական վառ ու հարուստ երևակայությունը։ Շուտով կավարտվեն մուլտֆիլմի ստեղծման վերջին աշխատանքները, որով և խմբակի սաները կմասնակցեն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված մրցույթին։ Անիմացիոն ֆիլմերը ստեղծվում են հենց Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» և «Մի մկան պատմություն» ստեղծագործությունների սցենարով։ Ծրագրավորմանը զուգահեռ մոդելավորվում և եռաչափ հաստոցի միջոցով պատրաստվում են նաև տարբեր իրեր, փոքրիկ դետալներ։
Այս ամենը նաև երեխաների դաստիարակության հրաշալի միջոց է, որտեղ, բացի գիտելիք ստանալուց, երեխաները ձեռք են բերում այնպիսի արժեքավոր հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են կյանքում իրենց ուրույն ուղին գտնելու համար։ Նրանք սովորում են գործարարություն, ճիշտ օգտագործել ժամանակը, սիրել ու գնահատել աշխատանքը, չերկնչել դժվարություններից և ձեռք բերել մեծ կամք՝ նպատակներին հասնելու համար
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նախաձեռնության հեղինակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԻՏՁՄ) և «Յուքոմ» ընկերությանը մեր երեխաներին ընձեռնած հիանալի հնարավորության համար և հույս հայտնում, որ մեր պատանի սաները ամեն ինչ կանեն իրենց գիտելիքներն ու ստեղծագործ ոգին ծառայեցնելու մեր հայրենիքի հզորացման ու բարգավաճմանը
Կից նյութեր: |