Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 31 » 2016-ը անցյալ դարձավ
00:51
2016-ը անցյալ դարձավ

   2016 թվանն արդեն անցյալում է։ Ինչպիսի՞ն էր այն մեր՝ Ոսկեպարի դպրոցի համար։ Խորհրդային կարգերի փլուզումից և 90-ականների մարտական գործողություններից հետո, ինչպես նաև հետագա տարիներին դպրոցում բազում խնդիրներ էին կուտակվել, որոնց մի մասը այսօր էլ դեռևս լուծման են սպասում։    Ի՞նչ հաջողվեց անել անցնող տարում, որքանո՞վ թեթևացավ կուտակված խնդիրների բեռը և որքանո՞վ բարեփոխվեց դպրոց հաճախող աշակերտների համար ուսումնական միջավայրը․․․  

  Փորձենք  հետադարձ հայացք նետել անցնող տարուն և իրատեսորեն գնահատել արվածն ու չարվածը։

  Ձմռանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի մասնաճյուղի միջոցներով դպրոցում կառուցվեց Ապահով սենյակ  (թաքստոց)՝  գնդակոծությունից և հրետակոծությունից երեխաներին պատսպարելու համար։ Տասնամյակներ անց վերջապես հաջողվեց մասնակիորեն ուղղել սովետական շինարարների սխալը, որոնք <<մոռացել>> էին  նկուղային հարկ կառուցել դպրոցի շենքի տակ․․․ Նույն կազմակերպության միջոցներով արդեն ամռանը Անվտանգության պատ  կառուցվեց դպրոցի տարրական մասնաշենքի մանկական խաղահրապարակի առաջ, որից հետո մանուկները կարող են ազատ օգտվել խաղահրապարակից։ 

     Անցնող մեկ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ նորացվել է դասարանական գույքը։ Փոխվել են դպրոցական գրեթե բոլոր սեղան- աթոռները, բոլոր դասասենյակներում տեղադրվել են նոր գրատախտակներ և հագուստի կախիչներ։ Ամբողջովին փոխվել է ուսուցչանոցի կահույքը։ Այստեղ ներդրման առյուծի բաժինն ունեցավ <<Հայ դպրոց>> հիմնադրամը, որը դպրոցին նվիրաբերեց 27 կոմպլեկտ աշակերտական սեղան-աթոռներ, ուսուցչական սեղաններ ․․․ 

   Հուլիսի մեկից դպրոցում բացվել և գործում է <<Արմաթ>> ինժեներական լաբորատորիայի Ռոբոտաշինության խմբակ, որտեղ դպրոցի աշակերտները արտադասարանական պարապմունքների ընթացքում առավել մոտիկից ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաներին, սովորում ծրագրավորում, ուսումնական հաստոցների կառավարում։ Այս գործի հովանավորը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր՝ ԻՏՁՄ ՅՈՒՔՈՄ ՍՊԸ-ի հետ համատեղ։

     Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ ծրագրերի շրջանակներում դպրոցի տարրական մասնաշենքում ստեղծվեց ժամանակակից կահավորմամբ նախակրթարան՝ հիմնովին նորոգվեցին երկու դասասենյակ, մեկ սանհանգույց, միջանցք և արդեն նոյեմբերի մեկից գյուղի նախադպրոցական տարիքի փոքրիկները օգտվում են նախակրթարանի ծառայություններից։ Այս գործում մեծ էր ՀՀ Կառավարության և մարզային իշխանությունների օժանդակությունը։ Նշենք նաև, որ ծրագիրը շարունակական է և արդեն եկող ուսումնական տարուց նախակրթարանը կֆինանսավորվի պետական միջոցների հաշվին։

   Նույն ժամանակահատվածում բարերար Սամվել Մովսիսյանի մեծ աջակցությամբ, ամերիկահայ բարերարների օժանդակությամբ տարրական մասնաշենքում հիմնանորոգվեց մեկ սենյակ և հարմարեցվեց որպես սննդի պահեստ։ Այստեղ արժե նշել նաև, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Սամվել Մովսիսյանը իր անձնական միջոցներից Ամանորյա հյուրասիրություն է կազմակերպում դպրոցի ողջ կոլեկտիվի համար։

   Նոյեմբերին ռուսաստանաբնակ մեր համագյուղացիներ Սաշիկ և Խաչիկ Մախսուդյանների անձնական միջոցներով և Սերոբ Մախսուդյանի ջանքերով դպրոցի համար ձեռք բերվեցին ժամանակակից էլեկտրաջեռուցիչներ դպրոցի դասասենյակների, ուսուցչանոցի և նախակրթարանի սենյակների համար, որը զգալիորեն բարելավեց դասարանների ջեռուցման վիճակը։

   Անցնող տարում մի քանի բարերարների նվիրատվությունների շնորհիվ որոշ չափով բարելավվել է նաև դպրոցի մարզագույքի վիճակը։ Առանձնապես մեծ էր մեր համագյուղացի Փաշիկ Ալավերդյանի ներդրումն այդ գործում, որն իր անձնական միջոցների հաշվին դպրոցին նվիրաբերեց թենիսի սեղան, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի ցանցեր, գնդակներ և այլ սպորտային պարագաներ։

  Այս ամենով հանդերձ դպրոցում այսօր դեռևս շատ են լուծման սպասող հիմնահարցերը։ Հիմնանորոգման կարիք ունի սպորտդահլիճի մասնաշենքը, որը կառուցման ժամանակից՝ 80-ական թվականներից  այս կողմ չի նորոգվել։ Ջեռուցումը մնում է թերի՝ շենքերի կենտրոնացված ջեռուցման բացակայության պատճառով։ Այս պահին  արվում են որոշակի քայլեր գոնե դպրոցի հիմնական մասնաշենքում ամբողջական ջեռուցման համակարգը վերականգնելու համար։ 

  Վերջում ուզում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել 2016 թվականին արված այս գործերին օժանդակած բոլոր կազմակերպություններին ու անհատներին՝ մեծ մարդասիրության, այս հայրենանվեր գործերի համար։ Օգտվելով առիթից ուզում ենք շնորհավորել  նրանց բոլորին Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությաբ։ Թող նրանք բոլորը բազմապատիկ հատուցում ստանան  իրենց բարի գործերի համար։

    Դպրոցի տնօրինություն

   

                           

   

Կից նյութեր:
<?
('15','/.s/t/1089/rating15.png','1','float')?>
Կատեգորիա: | Դիտումներ: 577 | Ավելացրեց: Har65 | Տեգեր: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0